Ազգ-բանակ գաղափարախոսությունը եւ կարգախոսը Վիգեն Սարգսյանի հեղինակածը չէ, դա մինչ այդ էլ կար շրջանառության մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գեւորգ Գորգիսյանը:

Անդրադառնալով նրան, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը քրգործով ներգրավվել է որպես մեղադրյալ, նա ասաց. «Պիտի սպասենք հետաքննության ավարտին: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ այդ գործերը հավուր պատշաճի արվեն, տեղիք չտան տարատեսակ մեկնաբանությունների: Բայց եթե այդպես նայենք, ապա ցանկացած դեպքում կարելի է հայտարարել, որ դա քաղաքական հետապնդում է:

Այստեղ մենք պետք է շատ զգույշ լինենք, որ պրոցեսը չվերածենք վհուկների որսի: Նաեւ վարչապետն է խոստացել, որ այդպես չի լինելու: Ես հուսով եմ՝ ամեն ինչ օրենքի սահմաններում կգնա: Եթե որեւէ մեկը մեղավոր է, նա պետք է պատժվի՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել»,-ասաց Գորգիսյանը:

Նա ընդգծեց, որ երբ բացահայտվում է որեւէ գործ կապված նախկին կամ ներկա պաշտոնյաների հետ, դա միանշանակ միտված է պետության առողջացմանը եւ զարգացմանը եւ չի կարելի դա մեկնաբանել, որ բանակին կամ տվյալ կառույցին վնաս է պատճառվում:

«Միշտ էլ ցանկացած մեղադրանքի կարելի է պատասխանել՝ վայ, ես քաղաքական հալածյալ եմ»,-ասաց ԼՀԿ պատգամավորն ու հավելեց. «Եթե մենք տեսնենք որեւէ քաղաքական հետապնդման փորձ, ԼՀԿ-ն որպես իրավական պետության կողմնակից, կլինեի առաջինը, որ կպաշտպանի քաղաքական հալածյալներին՝ անկախ նրանից, թե նա որ կուսակցությունից կլինի: