Այս զորավարժություններից հետո հակառակորդը խուճապի մեջ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը՝ անդրադառնալով Հայաստանում սեպտեմբերի 24–ին մեկնարկած ռազմավարական զորավարժությանը։

Նրա խոսքով՝ զորավարժությանը մասնակցելու համար զինկոմիսարիատների մոտ գրանցման մեծ հերթեր են գոյացել, ինչը նաեւ ոգեւորիչ է. «Հիմնական պայմանը եղել է ստուգել զինվորականների եւ ՏԻՄ–երի համագործակցությունը կոնկրետ ժամկետներում՝ ներգրավելով նաեւ պահեստազորայիններին։ Թվաքանակը շատ մեծ է եղել. քաղաքացիները ոգեւորված հավաքվել են՝ առաջացնելով մեծ հերթեր զինապարտների նախնական ընդունման կետերում։ Հակառակորդը ուշիուշով հետեւում է զորավարժությանը եւ համոզվում, որ ԶՈւ–ն եւ պահեստազորայինները միշտ, նշված ժամկետներում պատրաստ են կանգնել խրամատում՝ մեր զինվորի կողքին»։

Ավթանդիլյանը նշեց, որ ռազմավարական զորավարժության շրջանակում հայտարարված զորահավաքից հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների 7-10%-ը 5-10 օրով մեկնել է վարժական հավաքների։

Հանրապետության զինվորական կոմիսարի պաշտոնակատարը նշեց, որ ծանուցում ստանալուց հետո զինվորական կոմիսարիատներ ներկայացած զինապարտների թիվը շատ մեծ է եղել, իսկ չներկայացածներին նախատեսում են ենթարկել վարչական պատասխանատվության:

«Թվաքանակի հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Մեր քաղաքացիները, պահեստազորում կցագրված մեր զինապարտները, բոլորը ժամանակին ներկայացել են, տրամադրվածությունները եղել է բարձր: Մեր քաղաքացիները պատրաստ են ցանկացած պահի նշված ժամկետներում ներկայանալ, և մարտական խնդիրը կատարել»,- նշեց գնդապետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ից Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 5–ը։ Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ: