Արթուր Վանեցյանը սկզբում շատ մեծ տեմպով եւ արդյունավետ էր աշխատում, բայց հետո զգացվում էր, որ կան թերացումներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ նա նշեց, որ այն սպային վայել չէր։

«Համենայն դեպքս ինձ համար Վանեցյանի ուսադիրները արժեզրկվեցին։ Ինքը, որ ասում էր՝ իմ ուսադիրները, սպայի ուսադիրները վեր եմ գնահատում, ինձ համար արժեզրկվեցին»,- ասաց Հակոբյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտում կարող է մրցակից լինել իշանությունների համար, Հակոբյանը պատասխանեց. «Կախված այն բանից, թե ինչ թիմ կձեւավորի, ովքեր կլինեն նրա թիմակիցները, կախված նրանից նա ժողովրդի մոտ վստահություն կձեւավորի, թե ոչ, որովհետեւ իր հայտարարություններից հետո նրա վարկանիշը շատ մեծ անկում ապրեց, կկարողանա՞ արդյոք վերականգնել իր վարկանիշը, թե՞ ոչ, դրանից հետո պարզ կլինի՝ կարո՞ղ է լինել ընդդիմություն մեր իշխանությանը, թե՞ ոչ»։

Հակոբյանը արձագանքեց նաեւ մամուլում շրջանառվող լուրերին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին։

«Իր աշխատանքը շատ բարձր եմ գնահատում մինչ օրս, իհարկե իդեալական չեմ համարում, կան թերություններ, բայց դրանք այս պահին շատ չնչին են, բոլոր ոլորտներում դրանք կան, այնպես որ ՊՆ–ում մենք տեսնում ենք հիանալի արդյունքներ»,– ասաց Հակոբյանը։