Բնական է, որ եթե վարչապետի կողմից հնչում են նման տեսակետներ, անմիջապես նրa ենթակաների կողմից, անկախ նրանից՝ պատգամավոր են, Երեւանի ավագանու անդամ են, պետք է նման հայտարարություններ հնչեն, որպիսի հնչեցնողները դուր գան վարչապետին։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ «Իմ քայլի» անդամները կիրառում են «հատ– հատ ականջներդ կծամեմ» բառախաղերը։
Ըստ Բադալյանի՝ սա եւս մեկ ապացույց է, որ նախկին համակարգի բոլոր բացասական երեւույթները կրկնվում են։ «Նախկինում էլ, եթե երրորդ նախագահը ինչ-որ բան էր ասում, շատ դեպքերում նրա ենթակա հանրապետականները նույնը սկսում էին կրկնել՝ ցույց տալու համար իրենց ղեկավարին, որ նրանք այդ նույն գծին են հետեւում։ Հիմա այդ բացասական երևույթները, որ նրանք չէին ընդունում այն ժամանակվա իշխանությունների կողմից, նույնը իրենք են անում։ Վարչապետի ենթակա բոլոր պատգամավորները, ավագանու անդամները, որոնք նման արտահայտություններ են անում, ոչ թե իրոք այդպես են մտածում, այլ ուղղակի փորձում են ինչ-որ մի բանով դուր գալ վարչապետին, որովհետեւ ուրիշ բանով չեն կարողանում աչքի ընկնել», –ասաց Բադալյանը։
Ըստ քաղտեխնոլոգի՝ Երեւանի ավագանու անդամները չեն կարողանում աչքի ընկնել վերելակների վերանորոգմամբ, աղբահանության խնդրի լուծմամբ, եւ որպիսի այդ գորշությունից դուրս գան եւ երեւան, այդպիսի արտահայտություններ են անում՝ մտածելով, որ դա կարող է գնահատվել վարչապետի կողմից, քանի որ այս եղանակով ցույց են տալիս իրենց նվիրվածությունը։
«Ինչ վերաբերում է վարչապետին, նա, իհարկե, ասում է սիրո, հանդուրժողականության հեղափոխություն պետք է լինի, բայց կարծես՝ իր կողմից օգտագործվող տերմինաբանությունը լրիվ հակառակն է ցույց տալիս։ Պետական գործիչը մի բան է, ընդդիմադիր գործիչը՝ այլ բան։ Եւ, երբ ընդդիմություն եղած ժամանակ գործիչները շատ արտահայտություններ իրենց թույլ էին տալիս, նույնը չի կարելի անել, երբ դու արդեն պետական գործիչ ես։ Եկեղեցուն ծնկի բերելու եւ նմանատիպ այլ արտահայտությունների փոխարեն շատ ավելի լավ կլիներ դեպի առաջ նայեր եւ առաջ գնալու օրակարգեր մշակվեին, բայց ինչպես տեսնում ենք, դա այլեւս չի լինելու»,– ասաց Բադալյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրեռում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ– հատ ծամել բոլորի ականջները»։
Նշենք, որ ավելի ուշ Նուարդ Վարդանյանը հեռացրել է իր գրառումը Ֆեյսբուքի իր էջից:
Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:











