ԱԺ-ն օգտվելով իրեն վերապահված լիազորությունից ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությանը:
Հարցին, թե ինքը կիսո՞ւմ է այդ փաստաթղթում ներկայացված տեսակետները, Բադասյանը դրական պատասխան տվեց. «ԱԺ-ի կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումներում նշված է, թե ինչն են իրենք դիտում էական խախտում: Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են եւ ներկայացվել է համապատասխան փաստաթուղթը: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր համարում եմ ԱԺ դիմումը»:
Նա հավելեց, որ կառավարության կողմից ներկայացված ռազմավարության մեջ էլ նշված է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ՍԴ-ի մոդելը:











