Երբ որ սահմանադրական փոփոխությունների առաջարկները կդրվեն սեղանին, կտեսնենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կարող է ՍԴ-ն եւ Վճռաբեկ դատարանները միավորվեն մեկ մարմնում եւ ստեղծվի Գերագույն դատարան:

«Դուք գիտեք, որ Սահմանադրության դատական իշխանության վերաբերյալ գլուխը կարող է փոփոխվել միայն հանրաքվեով: Եթե հանրաքվեի ժամանակ ժողովուրդը հավանություն կտա այդ փոփոխություններին, ես ոչինչ դրա դեմ չեմ կարող ասել:

ՍԴ-ն այն կառույցն է, որի գործունեության հետ կապված միշտ կարող են լինել տարբեր կարծիքներ: Եթե զբաղվենք այդ կարծիքների վերլուծությամբ, ապա կարող ենք առնվազն խախտել մեր քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն պահպանելու օրենսդրական պահանջը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հասարակությունը չի վստահում ՍԴ-ի անաչառությանը, Ալիվինա Գյուլումյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այն 10 հոգին, որ եկան ՍԴ-ի դիմաց կանգնեցին, նրանք հասարակություն են: Հասարակության վստահություն ասելու հմար պետք է լուրջ վերլուծություն կատարենք: Ես չեմ կարող ասել՝ հասարակությունը վստահում է Հրայր Թովմասյանին, թե ոչ: Նման հետազոտություններ ես չեմ կատարել, նման վիճակագրության ես չեմ տիրպետում»: