Համապետական ընտրություններն անվավեր ճանաչելն այդքան հեշտ գործ չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ՍԴ-ն միշտ մերժել է համապետական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության դիմումները, իսկ դա տեղի է ունեցել 8-9 անգամ:
«Ցանկացած երկրում ՍԴ-ի կանխավարկածը եւ երբ որ նորմի սահմանադրականությունն է քննարկվում, եւ երբ ինչ-որ վեճ է քննարկվում, ելակետային պետք է համարվի այն, որ անվավեր ճանաչելու հիմքեր չկան: Մեզ մոտ ցավոք, փաստաբանները գործը լավ չնախապատրաստելով, բավարար ապացույցներ չներկայացնելով, քավության նոխազ են գտնում դատարանին»»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ հասարակությունը խորը անվստահություն ունի ՍԴ-ի նկատմամբ, Գյուլումյանն ասաց. «Մենք չենք կարող ՍԴ որոշման հիմքում դնել հասարակության համոզմունքը: Համոզմունքին պետք է ապացույցներ լինեն: Եթե չկան ապացույցներ, ամենակնհայտ գործն էլ կարող է արդյունք չունենալ»:











