Նման նախադեպ չեմ հիշում, առայժմ չեմ կարող ասել՝ ինչ գործընթաց է սպասվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով փաստին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ընտրվելուց հետո ոչ մի անգամ չի մասնակցել ՍԴ նիստերին:

«Իրավական առումով, «ՍԴ մասին» օրենքի համապատասխան մենք պարտավոր ենք նիստերին մասնակցել եւ որոշակի ժամանակով որոշակի նիստերի չմասնակցելը կարող է կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Դրա համար գործընթաց կարող է սկսվել հենց ՍԴ-ում՝ երեք դատավորի դիմումով: ԱԺ-ն լիազորությունների դադարեցման առումով է գործընթաց սկսում»,-ասաց Գյուլումյանը՝ հավելելով. «Ես անձամբ նման բան չեմ նախաձեռնի»:

Հարցին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկները քննարկվե՞լ են ՍԴ դատավորների մոտ, նա պատասխանեց. «Բնականաբար, դատավորները պետք է գոնե իրենց առօրյա զրույցներում դրան անդրադառնային: Ես դեմ եմ մինչեւ դա ՍԴ-ում քննարկելը հանրային քննարկման առարկա դարձնելուն: Կոնկրետ ինձ հետ քնանրկել է, ես չեմ ստի: Բնականաբար, ես դատավոր-անդամ բառախաղին դեմ պետք է լինեի»:

Հիշեցնենք, որ  NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան Սահմանադրական դատարանից հայտնել էին, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որեւէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով  առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց։

Նշենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը, այն պարագայում, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված չէին։

Այս հայտարարությանը հաջորդեցին  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, իսկ արդեն սեպտեմբերին Ազգային ժողովը շրջանառության մեջ դրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծը։