Վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին լրագրողենրի հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործին։
Այվազյանը հայտարարեց, որ գործի քննության հետ կապված որեւէ հսկողական գործառույթ չի իրականացնում եւ չի կարող ասել, թե ինքնասպանության հասցնելու ինչ վարկած է շրջանառվում։
Դիտարկմանը, արդյո՞ք ճիշտ է համարում, որ նախաքննության մարմինը քննության այս փուլում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ է օգտագործել, Այվազյանը պատասխանեց, որ գործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հրապարակի.
«Եթե այս պահին որոշակի տեղեկատվության հաղորդումը չի խոչընդոտելու վաղվա քննությանը, բնականաբար, ցանկացած տեղեկություն կարող է հրապարակվել:
Վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին, հետեւապես, եթե վաղը ինչ-որ տվյալ հրապարակվի, կարող ենք ձախողել քննության հետագա ընթացքը: Եկեք չակնկալենք այս փուլում նախաքննական տվյալների հրապարակում, որովհետեւ մի շարք քննչական դատավարական գործողություններ պետք է կատարվեն»:











