Երեւան քաղաքում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ էինք նախատեսել 10 կետով, որոնցից միայն մեկն է ընդունել կառավարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Դեռեւս 2018 թ. Տարոն Մարգարյանն օրենքում փոփոխություններ նախատեսեց, ըստ որի, սահմանափակում է ավագանու լիազորությունները մի շարք հարցերում։ Այն ժամանակ դեռեւս «Ելք» խմբակցությունը բողոքեց այս փոփոխությունների դեմ: Մենք հույս ունեինք, որ իշխանության փոփոխությունից հետո ավագանու լիազորությունները հետ կբերենք»,- ասաց նա։
Սամսոնյանի խոսքով՝ Երեւանի դեռեւս նախորդ ավագանու «Ելք» խմբակցությունն ամփոփել էր առաջարկներն ու ներկայացրել այդ ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան էլ, հավելեց, որ իրենց ներկայացրած փոփոխությունները պետք է լիներ «Ելք»-ի ամբողջական առաջարկը:
«Մենք առաջարկում ենք, որ տեղական հանրաքվեն կարող են նախաձեռել ավագանու խմբակցությունները, սակայն Տարոն Մարգարյանի առաջարկով օրենքը փոխվեց, իսկ ԱԺ ՀՀԿ մեծամասնությունը հաստատեց: Եթե առաջ մենք կարող էինք հանրաքվեի վերաբերյալ առաջարկով դիմել քաղաքապետին եւ այդ նախագիծն ընդգրկվեր ավագանու օրակարգում, այդ հնարավորությունից զրկվեցինք: Առաջարկվեց ավագանու անդամնեի 1/3-ի շեմ, որը չուներ «Ելք»-ը, եւ ստացվեց, որ առանց մեծամասնության նման որոշում չի կարող կայացնել խմբակցությունը: Նույնը հիմա է, կառավարությունը մերժում է այն, ինչ այն ժամանակ ասում էինք, որ մի զրկեք մեզ այդ հնարավորությունից»,- ասաց Դավիթ Խաժակյանը՝ նկատելով, որ «հիմա, կարծես, Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի «կոստյումին«:
Վերջինս հիշեցրեց, որ նախկինում, ընդդիմության քվոտայի համաձայն, Երեւանի քաղաքապետարանի հանձնաժողովներից մեկն ընդդիմությանն էր պատկանում, եւ ադյ պաշտոնը զբաղեցնում էր Արայիկ Հարությունյանը:
«Այդ ժամանակ հանձնաժողովի նախագահն առանց հանձնաժողովի մեծամասնության որոշման հնարավորություն չուներ զեկուցողի կամ հրավիրյալ անձի հրավիրել հանձնաժողովի նիստին։ Սա մի կողմից տեխնիկական, մյուս կողմից քաղաքական խնդիր էր, քանի որ Տարոն Մարգարյանը մտավախություն ուներ, որ մենք չգիտեմ ում կարող է հրավիրեինք նիստերին:
Հիմա ցանկացանք օրենքով փոփոխություն անել, բայց մերժեցին, ընդ որում, ներկայիս հանձնաժողովի նախագահներն ու անդամները «Իմ քայլը» խմբակցության անդամներ են»,- շարունակեց Դավիթ Խաժակյանը։
Անի Սամսոնյան էլ շեշտեց, որ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նման խուսափում է հանդիպել Երեւանի ավագանու անդամներին, դրա համար էլ չի ցանկանում օրենքով ամրագրել ավագանու հետ հանդիպումների կարգը:











