ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով  վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, սակայն թե ով է վերականգնել և ինչ չափով, Խաչատրյանի պաշտպանը չի կարող ասել։

Վերաքննիչ քրեական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատրյանին առնչվող գործով նրա նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։

«Հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ չպետք է լինեն տարբերվող անձինք, օրենքը պետք է հավասար լինի բոլորի նկատմամբ, սակայն այսօր կարող եմ ասել, որ այս գործով չկա հավասար մոտեցում։ Այս քրեական գործով վարույթն իրականանցող մարմինը ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի ապացույցներ ձեռք բերի. մենք ուղղորդված քննություն ենք տեսել, որոնց մասին աղաղակող փաստեր կան»,– հայտարարեց փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյնաը Գագիկ Խաչատրյանի գործում, պաշտպանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այս գործը զեկուցվել է Արթուր Վանեցյանին և քննարկվել նրա մոտ։ Եթե նրա գիտությամբ նման խախտումներ են եղել և այսօր խոսել, որ Վանեցյանի միջամտության արդյունքում ինչ–որ բաներ են եղել, ակնհայտ է, որ ուղղորդված քննություն է գնացել»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։