«Կալաշնիկով» ընկերությունը АК-74М ինքնաձիգի արտակարգ թեսթ-դրայվ է անցկացրել՝ ստուգելու համար, թե դիմանում է արդյոք ռեժիմը կրակահերթերով անդադար հրաձգությանը, հայտնում է MIGnews-ը։

Համապատասխան տեսահոլովակը հրապարակվել է ընկերության պաշտոնական YouTube-ալիքում։

Թեսթի համար նախապատրաստվել է 30 փամփուշտով 26 փամփշտակալ։ Փորձարկումից հետո ինքնաձիգը քանդել են, որպեսզի իմանան, թե ինչպես է փոխվել դրա կառուցվածքը, մասնավորապես՝ ինչ է կատարվել փողաբերանի արգելակի, փողի, գազային խողովակի հետ։

«Պաշտպանության նախարարության պահանջների համաձայն, Կալաշնիկովի ինքնաձիգը կրակահերթով անդադար հրաձգության ռեժիմով պետք է դիմանա 180 կրակոցի։ Հրաձգության այսպիսի տեմպը նորմալ չէ նման զենքի համար, ու այն վաղ թե ուշ հանգեցնում է դրա քայքայմանը»,- ասվում է նկարագրության մեջ։

Թեսթից հետո АК-74М-ը, 587 կրակոց իրականացնելով, շարքից դուրս է եկել։ Մասնավորապես, պայթել է փողը, իսկ պահեստատուփում փամփուշտ է մնացել։ Ինչպես պարզվել է, ստանդարտ ինքնաձիգը երեք անգամ ավել կրակոցների է դիմանում։