Արարատի մարզպետ գարիկ Սարգսյանի մոտ Նորաշեն համայնքի ղեկավար նորայր Գրիգորյանի եւ համայնքապետարանի այլ աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց անարդյունք:
Քննարկում էին Նորաշենի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման օրինականության հարցը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ իր լիազորությունները դադարեցված են:
Մարզպետի հետ հանդիպման ընթացքում Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանը եւ ավագանու անդամներից մեկը մարզպետին հորդորեցին ցույց տալ այն արձանագրությունը, որով ավագանու իրավազոր նիստ է եղել եւ որոշում ընդունվել, որ Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնեն:
Մարզպետարանի աշխատակիցը նշեց, որ գյուղապետի լիազորությունները դադարեցնելու համար հիմք է ընդունվել ավագանու նիստի արձանագրությունը, որին մասնակցել է ավագանու 9 անդամից 5-ը: Իսկ կայացված արձանագրության տակ կա 3-4 ստորագրություն:
Նրա խոսքով, նիստը չի կայացել գյուղապետարանի շենքում համայնքապետի կողմից նիստ չհրավիրելու հանգամանքով, նաեւ աշխատակազմի քարտուղարի կողմից նիստն արձանագրելուց հրաժարվելու հանգամանքով. «Արտահերթ նիստ հրավիրելու մասին նախագիծը ուղարկվել է համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին»:
Նորայր Գրիգորյանը նկատեց, որ ավագանին բաղկացած 9 հոգուց, որից միայն 4-ն են գտնվում մարզպետի ազդեցության տակ, մնացած 5-ի հետ երբեւէ մազրպետարանը չի համագործակցել:
Ավագանու անդամներից Արտակ Հարությունյանն էլ հավելեց, որ քանի որ գյուղապետը հրաժարվել է նիստ հրավիրել, իրենք նիստը տեսաձայնագրել են. 5 անդամից 3-4-ի քվեարկությամբ որոշվել է նիստը տեղափոխել այլ վայր:
Գյուղապետ Նորայր Գրիգորյանը հայտարարեց, որ իրականում իրավազոր նիստ տեղի չի ունեցել, դրա համար էլ չեն կարողանում մինչեւ հիմա ներկայացնել համապատասխան արձանագրությունը. «Դաշտում ծիրանի ծառի տակ կանգնած տղավարի խոսել են, դա համարում են ավագանու նիստ: Եթե ծիրանի ծառի տակ տղավարի խոսում են 10-15 հոգով, որից մեկը լինում է Վահագն Մինասյանը, եւ դա համարվում է ավագանու նիստ, դրա հիման վրա մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը իմ լիազորությունները վայր է դնում, խնդրում եմ սեղանին դրեք այդ արձանագրությունը: Եթե կա տեսաձայնագրություն, եթե կա փաստաթղթավորված արձանագրություն, ցույց տվեք, որ եղել է ավագանու նիստ: Եթե համարում եք նիստ, ինչո՞ւ մինչեւ հիմա ձեր կայքում չեք հրապարակել: Իրավազոր լինելու համար պետք է լինի 5 հոգու մասնակցությունը հաստատող արձանագրություն, որից հետո պարզ լինի, որ ավագանու նիստ է տեղի ունենում»:
Արդեն հանդիպումից հետո Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանը հայտարարեց. «Ես իմ տեղում եմ, աշխատում եմ, ժողովուրդը կորոշի»:












