Ոչ ոք չէր կարող Հայկ Հարությունյանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել, քան նրա խիղճը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստից հետո, սեպտեմբերի 30-ին ասել է դրա նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արժե ապահովել Մարտի 1-ի գործով վկաների պաշտպանությունը Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հետ կապված, որը, քննության նախնական վարկածով, ինքնասպան է եղել։

Քոչարյանի խոսքով՝ նրան հայտնի չէ, «թե ինչ կարող էր խորհուրդ տալ Հարությունյանի խիղճը տիրոջը»։ «Բայց որ ոստիկանությանը ստիպել են դիմել անօրինական գործողությունների, դա փաստ է, եւ դուք բոլորդ դա տեսել եք»,- ավելացրել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ նախկին ոստիկանապետը ավելի վաղ տեղեկացրել էր բազմաթիվ փաստերի մասին, որոնք փորձել են թաքցնել Մարտի 1-ի գործով։

Պատգամավորի խոսքով՝ Հարությունյանն ավելի վաղ տեղեկացրել էր Մարտի 1-ի գործով փաստահավաք հանձնաժողովին այդ օրերին հատուկ շտաբի առկայության եւ դիպուկահարների գործողությունների  մասին Երեւանում բողոքի ցույցերի ցրման ժամանակ։ Կառավարող դաշինքի պատգամավորը համոզված է, որ Հայկ Հարությունյանի համար հոգեբանորեն դժվար էր պատկերացնել, որ նա կհայտնվի որեւէ քրեակատարողական հաստատության պատերի ներսում, որի ղեկավարը, ըստ էության, եղել էր ինքը»։

Նշենք, որ թոշակի անցնելուց հետո նախկին ոստիկանապետը շատ ժամանակ անցկացրել է Բջնիի իր առանձնատանը։ Վերջին օրերին նույնպես նա ապրել է այնտեղ։

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանի մարմինը գտնելու մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է սեպտեմբերի 23-ի երեկոյան։ Քննության նախնական վարկածով նախկին ոստիկանապետը ինքնասպանություն է գործել։ Պատահարի տեղազննության արդյունքում հայտնաբերվել են հրազեն եւ պարկուճ։