«Վնգստացող դատավորներ» տերմինը սխալ տերմին է, այն շրջանառվելու իրավունք չուներ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 30-ին, ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը` նշելով, որ դատական համակարգի դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է:

«Դատական իշխանության անկախությունն անանց արժեք է: Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հրահանգը և այս երիտասարդների կողմից դատարանի գործունեությունը հասարակական տեսանկյունից սահմանափակելու փորձերը մեր կողմից ընդունելի չեն: «Վնգստացող դատավորներ» տերմինը, չգիտեմ՝ ո՞վ է դրել շրջանառության մեջ, բայց այն շրջանառվելու իրավունք չուներ: Երկրում առկա դատաիրավական փոփոխությունների այս փաթեթը պետք է գնա միայն ու միայն իրավական ճանապարհով: Երիտասարդներին քրեական պատասխանատվության ենթարկելն իրավական գործընթաց է, և այս պահի դրությամբ ոչ ոք ոչ մեկին չի դատում 5 տարի: Ես կողմ եմ, որ այս հարցերն իրավական գնահատական ստանան»,-ասաց նա:

Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշմանը Արցախի հարցին, նա ասաց, որ ասյ հարցում կուսակցությունն իր դիրքորոշումը չի փոխվել` Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

Անդրանիկ Գրիգորյանն ասաց, որ հայկական երկու պետությունների ղեկավարների միջև հակասություններ են նկատել:

«Հայկական երկրորդ պետության հռչակումը շարունակում է մնալ մեր առանցքային ծրագրերից մեկը, ցավոք, ՀՀ-ի կողմից Արցախը դեռևս չճանաչված է:Մենք անցած ամիսների ընթացքում պատիվ ունեցանք հանդիպել Արցախի ղեկավարության հետ: Մեզ մոտ տպավորություն էր ստեղծվել և շատ ենք ուզում, որ այդ տպավորությունը թյուր լինի, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների մեջ անհամաձայնություններ կան: Դրա առարկայական արտացոլումը, սակայն, ներքաղաքական դաշտում մենք չենք տեսել, կարծում ենք՝ միասնական գործելու իմպերատիվը կախված է մեր երկու ժողովուրդների գլխին, հայկական երկու պետությունները պետք է գործեն համագործակցված: Սա պետական հրամայական է, անկախ իշխանություններից»,-ասաց նա: