Սասուն Միքայելյանի հրաժարականի հարցը («Երկրապահ» միության ղեկավարի եւ պատգամավորի պաշտոններից) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստում չի քննարկվել: Սեպտեմբերի 30-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Մեկնաբանելով Միքայելյանի այն հայտարարությունը, թե ոչ ոք իրավունք չունի ասելու, որ Վանեցյանն իբր իր ուսադիրները աղբամանն է գցել, նախարարը պարզաբանեց, որ այդ դեպքից հետո անձամբ Սասուն Միքայելյանի հետ չի շփվել, սակայն եթե անգամ ինչ-որ խնդիր կա, ապա դա ներկուսակցական է, եւ իմաստ չունի այդ հարցը հրապարակայնացնել:
Հիշեցնելով, որ սեպտեմբերի 24-ին «Երկրապահ» կամավորականների միության ղեկավար Սասուն Միքայելյանը, խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, հայտարարել էր. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է եւ այդպիսին կմնա, մենք միասին ընդհանուր ճանապարհ ենք անցել: Ոչ ոք իրավունք չունի նման բան ասելու: Ոչ ոք դրա իրավունքը չունի: Ես էլ եմ ուսադիրներ կրել»:
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո Արթուր Վանեցյանի հայտարարությունը հայտարարել էր. «Լինելով դե յուրե ԱԱԾ տնօրեն՝ նա, ըստ էության, հայտարարություն է կատարում իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթական մարմին՝ հայտարարություն է կատարում իր ղեկավարի դեմ: Սպայի պատվի համար ավելի մեծ վիրավորանք չի կարող լինել: Հետո տեղեկացա, որ այդ նյութը տեղադրված է ծառայության կայքում: Հեռացրել են: Նրանք էլ ի՞նչ պետք է անեին: Այն թողնեի՞ն: Եթե սպան այդպիսի բան է անում, դա նշանակում է, որ նա իր ուսադիրները աղբամանն է նետում: Վերջին անգամ այդպիսի բան էին արել 1991 թվականին պուտչիստները»:
Սրան Վանեցյանը պատասխանել էր, որ Փաշինյանը Սահմանադրություն չգիտի եւ խոսում է մի բանի մասին, ինչի վերաբերյալ պատկերացում չունի:











