Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) հնգամյա Քրիստինան զբոսնում էր իր տան մոտ, երբ նրան սկսեց հետեւել կոյոտը։ Աղջիկը նկատեց կենդանուն, երբ մոտեցավ ճոճանակին, գոռաց ու փախավ տուն։ Կոյոտը վազեց նրա հետեւից, բայց հետո կտրուկ կանգ առավ, գուցե նրան վախեցրեց աղջկա ուժեղ ճիչը, տեղեկացնում է Nat-geo-ն։
«Մենք ճիչ լսեցինք։ Աղջիկս վազեց տուն եւ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։ Ես ուրախ եմ, որ նա կարողացել է փախչել»,- ասել է աղջկա մայրը՝ Էլիզաբեթը, հարցազրույցում։ Ինքը՝ Քրիստինան, համոզված է, որ կոյոտն ուզում էր իրեն ուտել։ Նա այդպես էլ ասել է լրագրողներին։
Կոյոտը կամ մարգագետնային գայլը շնազգիների ընտանիքի գիշատիչ է, որը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի հարթավայրերում։ Այս կենդանիները չափով ավելի փոքր են գայլից, բայց զգալիորեն գերազանցում են նրանց փոփոխվող միջավայրում հարմարվելու ունակությամբ. կոյոտները հաճախ հանդիպում են ԱՄՆ նահանգների մեծ մասի արվարձաններում եւ անգամ քաղաքային շրջաններում, ինչպես նաեւ Կանադայում ու Մեքսիկայում։ Մարդկանց վրա հարձակումների մասին հազվադեպ է խոսվում (թեեւ վերջին ժամանակներս նման դիմումները շատացել են), ավելի հաճախ կոյոտները հարձակվում եւ սպանում են ամերիկացիների ընտանի կենդանիներին, ինչպես նաեւ կատաղություն են փոխանցում։ ԱՄՆ-ում անգամ հատուկ ուղեցույցներ են հրատարակում, թե ինչպես պետք է վարվել կոյոտի հանդիպելիս քաղաքային կամ բնության պայմաններում։











