ՍԴ անդամներն իրենք պետք է դիտարկեն՝ մեր ներկայացրած փաստարկները հիմնավոր են, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ օրակարգում ընդգրկված նախագծին, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը:

«Մեր գնահատմամբ, դրանք բավականին ծանրակշիռ են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՍԴ-ում կարող է իշխանությունը ձախողվել, քանի որ ՍԴ անդամները հնարավոր է դեմ քվեարկեն այս նախագծին, Մակունցն ասաց. «Ես ձախողման կամ հաջողելու դիրքերից հանդես չեմ գալիս «Իմ քայլը» խմբակցության նախագիծը ներկայացնելիս: Մենք խոսում ենք այն մասին, թե ընդհանրապես մենք ուզո՞ւմ ենք դատաիրավական գործընթացում առողջացման գնալ, թե ոչ, դատավորներն իրենք պատրա՞ստ են ընդառաջ գնալ այդ ուղղությամբ, թե ոչ: Դատական համակարգն իր ներսից ցանկություն ունի՞ որոշ չափով առողջացման պրոցեսներ սկսելու, թե ոչ: Հնարավոր է տարբեր փուլերում տեղի են ունեցել բաներ, որոնք իներցիայով այդպես է ստացվել: Արդյոք կա՞ ցանկություն, կամք վերականգնելու դատարանի եւ դատական համակարգի հեղինակությունը ՀՀ հանրության շրջանում: Մենք անելու ենք մեր քայլը, ներկայացնելու ենք նախագիծը, եւ այն լինելու է ՍԴ տիրույթում: Պետք է տեսնենք, թե իրենք ինչ են որոշում»:

Մակունցն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծում բերված հիմնավորումները մի քանիսն են եւ դրանք պետք է դիտարկել հանրագումարով, ոչ թե առանձին-առանձին:

Անդրադառնալով ՍԴ անդամների քաղաքականացված լինելուն, եւ նրան, որ իրենց ընդդիմախոսները պնդում են, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը եւս քաղաքականացված է եւ վայելում է իշխող ուժի աջակցությունը, «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «Արդյոք քաղաքականացված լինելը նշանակում է քաղաքական դիրքորոշում ունենալ, թե ոչ: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ունի քաղաքական դիրքորոշում, որը հայտնում է ընտրություններին մասնակցելով: Այլ հարց է, թե արդյոք դու հանդիսանում ես եւ հանդես ես գալիս որեւէ քաղաքական կուսակցության ակտիվ դիրքերից, թե ոչ»:

Նա ընդգծեց, որ իրենց համար կարեւոր է այս հարցում մյուս երկու խմբակցությունների միանալը իրենց. «Նախ, ուզում եմ ընդգծել, որ նախագծի հիմքում չկա որեւէ քաղաքական նախադասություն: Ամբողջությամբ հիմնված է իրավական փաստերի, հիմնավորումների վրա: «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտնել է իր աջակցությունը: Հույս ունեմ, որ ԲՀԿ-ն նույնպես կմիանա նախագծին, որովհետեւ իրականում այստեղ ոչ թե դատավորներից մեկի քննությունն է ԱԺ-ի կողմից, այլ ընդամենը դիմում ենք ՍԴ, որ նրանք դիտարկեն այդ հարցը»:

Հարցին, թե բանակցե՞լ են ԲՀԿ-ի հետ այս թեմայով, Մակունցը պատասխանեց. «Մենք չենք բանակցել, բայց ես խնդրել եմ Արման Աբովյանին, եթե իրենք նպատակահարմար կգտնեն, ներկայացնեն իրենց դիրքորոշումը կամ տեղեկացնեն դրա մասին նախապես, ինչպես արել է ԼՀԿ-ն: Պարոն Աբովյանն այսօր ինձ տեղեկացրեց, որ խմբակցությունում ընթանում են քննարկումներ եւ չկա այս պահին միասնական դիրքորոշում»: