Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, բացվեց «Աստվածամոր տուն» հիմնադրամի կազմակերպած «Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը եւ մասնակիցների պարգեւատրման արարողությունը։ Այն ամփոփում է աղոթքի թեմայով հիմնադրամի հայտարարած լուսանկարչական մրցույթը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրանուհի Էկմեքչյանի խոսքով՝ 151 հայտ են ստացել, որոնցից ժյուրին ընտրել է լավագույն 40 լուսանկարները։
«Դեպի Լույս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը հիմնադրամի առաջին ծրագիրն է, իրականացվում է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման աջակցությամբ։ Մրցույթի հայտերի ընդունման մեկնարկը տրվել է օգոստոսի 18-ին Աստվածամոր Վերափոխման տոնին, իսկ ավարտը սեպտեմբերի 8-ին Աստվածամոր ծննդյան օրը»,– ասաց Էկմեքչյանը։
«Աղոթք» խորագրով լուսանկարների մրցույթի ժյուրիի անդամներից Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ մասնակիցներն արել են առավելագույնը իրենց պատկերացրածը ֆոտոնկարի տեսքով ներկայացնելու համար։
«Կարծում եմ՝ ցուցահանդեսը ստացված է։ Ունեցանք հրաշալի նկարներ, որոնք կարծում եմ՝ խորհուրդ ունեն եւ յուրաքանչյուր դիտողի ինչ որ մի բան կսովորեցնեն եւ հատկապես դեպի լույսը տանող ճանապարհը ցույց կտան»,– ասաց քահանա Արթենյանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկայացվեցին առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լավագույն լուսանկարներն ու դրանց հեղինակներին։
Առաջին տեղը զբաղեցրած Կարպիս Կետիկյանը լրագրողներին պատմեց, որ նկարն ուղարկելուց հաղթանակի մասին չի էլ մտածել. «Մրցույթի մասին շատ պատահական եմ իմացել, ֆեյսբուքի նորությունների բաժնում եմ տեսել։ Գյումրիում հանդիպեցի երեխաների, որոնք բակում խաղում էին, իմ լուսանկարի երեխան յուրօրինակ արտաքին ուներ եւ տարբերվում էր բոլորից։ Նվիրեցի փոքրիկ խաչ, որը նրան շատ հուզական էմոցիաներ հաղորդեց, եւ նա վազելով գնաց թաղամասում գտնվող սրբապատկերի մոտ եւ սկսեց աղոթել։ Ցուցահանդեսին մասնակցել եմ, որպեսզի գույներ հաղորդեմ»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 8–ը։











