Բոլորն օրենքի առաջ հավասար են, Սեդրակ Առուստամյանի նկատմամբ մեղադրանքն իրավապահ մարմիններում քննում են, երբ կավարտեն, իրենց դիրքորոշումը կասեն, բոլորիս համար պարզ կլինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե ինչու հենց Սեդրակ Առուստամյանի նկատմամբ է գործ հարուցվել, Ծառուկյանը պատասխանեց. «Առուստամյանը քաղաքացի չի՞: Հիմա էդպես է պատահել, կնայեն, պարզ կլինի ամեն ինչ»:
Նա այդ քայլի մեջ իրեն ուղղված սլաքներ չի տեսնում. «Ես ոչ մի բան չեմ տեսնում, օրենքի առաջ բոլորը հավասար են, կա հարց, կա խնդիր, կա քննություն: Քննությունը կավարտվի, բոլորի համար պարզ կլինի»:
Ծառուկյանը նաեւ նշեց, որ Սեդրակ Առուստամյանի հետ այդ թեմայով չի խոսել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրագործման գործընթացում չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ: Նա մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:
Նա ստորագրությամբ բաց է թողնվել:











