Խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատարանի վճռի առկայության հանգամանքը, որը վերաբերում է ամուսիններից մեկի կողմից մյուսին խաղասրահ այցելելն արգելելուն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում բուքմեյքերական կետերի գործունեության սահմանափակման մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց նախագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դուք հիշում եք, որ օրենքով նախատեսվում էր, որ ամուսիններից մեկը կարող է դատական կարգով արգելել իր ամուսնու կամ կնոջ մուտքը խաղասրահ»,-ասաց նա հավելելով, որ հիմա առաջարկվում է, որ խաղասրահը պարտավոր է ստուգել ուժի մեջ մտած դատարանի վճռի առկայության հանգամանքը, եւ այդ առաջարկն ընդունվել է:
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ ընդունվել է նաեւ տարիքի հասած լինելու հանգամանքը ստուգելու պայմանը:
Նրա խոսքով, օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակներ առկա են լինելու հետեւյալ տրամաբանությամբ. ամեն կազմակերպություն ամեն մարզկենտրորում եւ Երեւանի ամեն մի վարչական շրջանում կարող է ունենալ միայն մեկ բուքմեյքերական գրասենյակ, նաեւ այն քաղաքներում, որտեղ թույլատրված է խաղատների գործունեությունը:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի նոյեմբերի 1-ից:











