Ես ասել եմ, որ հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին ու հազար անգամ էլ կկրկնեմ, որովհետեւ մենք 10 տարի աշխատել ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
«Ինչ մնում է իրավական հարթությունում, թե ինչ կլինի, կապրենք կտեսնենք, կյանքը ցույց կտա»,-ասաց նա:
Հարցին, թե աղոթո՞ւմ է նրա ազատության համար, Ղուկասյանն արձագանքեց. «Եթե ծիծաղով եք ինձ հարց տալիս, աղոթելը ծիծաղով չի: Ես ընդհանրապես քեզ համար էլ եմ աղոթում, որ քեզ շենք ու շնորհք տա բոլորին, հայոց երկրին էլ խաղաղություն լինի: Հավատքը ծիծաղի առարկա մի սարքեք, որովհետեւ ես մեղքում եմ ձեզ»:
Հարցին, թե որպես պատգամավոր ցանկություն չունի՞ այցելել Քոչարյանին, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Երբ ես այցելության գնամ, դուք կիմանաք: Ինձ միշտ Ռոբերտ Քոչարյանի մասին եք հարցնում: Ես ասել եմ՝ հարգում եմ, գնահատում եմ, ինձ հետ աշխատել է, աղետի գոտին վերականգնել է, պատերազմը հաղթանակած հայորդի է»:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի մեղավորներին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Երբ որ փաստեր լինեն, փաստերով կխոսենք: Այսպես հեռուստատեսության առաջ ես ում կարող եմ մեղադրել առանց փաստերի, որից տեղյակ չեմ: հարցն իրավական հարթությունում է, սպասեք, կքննեն կասեն: Մենք բոլորս սպասում ենք դրան եւ մեղադրում ենք այդպիսի ոճրագործություն կատարողներին երկու կողմից»:











