Առողջապահության նախարարության կարծիքը մնում է անփոփոխ, կոնկրետ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական» բժշկագիտական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելուն իրենք դեմ են, բայց եթե ԱԺ-ն հարկ կհամարի, որ այդ կենտրոնը կառավարի Արսեն Թորոսյանը, ապա ինքը «դա կանի շատ բարձր մակարդակով»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում քննարկվող «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական» բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման հետ կապված օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Ըստ էության, կա 2 հակադիր կարծիք։ Կառավարության կողմից ներկայացվել է կարծիք առ այն, որ չկա անհրաժեշտություն մասնավորեցվող ընկերությունների ցանկից այս կենտրոնը հանելու, մինչդեռ նախագիծը հենց ուղղված է ցանկից այդ կենտրոնը հանելուն։ Ինչո՞վ է պայմանավորված Կառավարության այդպիսի կարծիքը»։
Թորոսյանն ասաց, որ հենց հիմա այդ ԲԿ-ի մասնավորեցման գործընթացն է գնում. «Պատրաստվում է մրցութային փաթեթ, որը Կառավարությունում քննարկվում է, եւ արդեն չգիտեմ՝ կընդունվի, թե ոչ, հաշվի առնելով այստեղ տեղի ունեցող գործընթացը։ Նաեւ դրանով է պայմանավորված, որ մենք կոչ ենք անում նմանատիպ նախագծեր նախաձեռնելուց առաջ, առնվազն ինֆորմացիայի տիրապետելու մակարդակում մեզ հետ համագործակցել, չնայած դրան ի պատասխան՝ ստանում ենք հորդորներ՝ չսովորեցնենք, թե ինչպես է պետք աշխատել ԱԺ-ին, այլ մենք ուզում ենք կառուցողական հուն տանել այդ ամենը»։
Արսեն Թորոսյանը նկատի ուներ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Բանն այն է, որ փոխնախարարը, արձագանքելով Ազգային Ժողովում հնչած բացասական կարծիքներին, ասել էր, որ ԱԺ–ն ավելի վաղ պետք է դրանով մտահոգվեր և կառավարությանը ներկայացներ իր դիտարկումները, ինչը դուր չէր եկել Արարատ Միրզոյանին։ Նա դիտողություն էր արել Առողջապահության փոխնախարարին՝ նշելով, որ կառաջարկեր քիչ փորձել ԱԺ-ին իր տեղը ցույց տալ կամ աշխատանք սովորեցնել:
Թորոսյանն ասաց, որ կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը ենթադրելու է վերադարձ Առողջապահության նախարարության ուղիղ ենթակայություն. «Այսինքն, ես պիտի լինեմ այդ հիվանդանոցի տնօրեն նշանակողը, հաստիքացուցակ հաստատողը, տարեկան բյուջեն հաստատողը։ Եվ տարօրինակ է, գոնե իմ կարծիքը հաշվի չի առնվում այդ հարցերում, ոչ թե իմ անձի, այլ Առողջապահության նախարարի»։
Ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց նաև Արսեն Թորոսյանին. «Ի գիտություն, պարոն Թորոսյան, էդ որ ասում եք՝ հորդորել էին ձեր տեղակալին, էդ հորդորողը ես եմ եղել, եւ դա եղել է ի պատասխան Ազգային ժողովին դիմելիս ոչ անհրաժեշտ կոռեկտության սահմանները պահելու համար, խնդրում եմ, տեղեկացեք մանրամասներին»։











