Չեմ կարծում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը որեւէ մեկին նման վիրավորանք հնչեցնի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի վիրավորական արտահայտության մասին։

«Ընդունեք, որ դուք իմ հորը նույնպես չեք ճանաչում, բայց մորս բոլորը ճանաչում են։ Հիմա ի՞նչ վիրավորական բան կա, որ ես լրագրողներից մեկի մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում։ Այդտեղ վիրավորական բան կա՞։ Նայած ինչ կոնտեքստում եք ուզում ներկայացնում։ Եթե կոնտեքստից հանում եք, կարող է վիրավորական լինել»,–նշեց նա։

Հարցին՝ նորմա՞լ էր համարում, որ Անդրանիկ Քոչարյանը Արփինե Հովհաննիսյանի հասցեին ասել է՝ «պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի անունները», պատգամավորը ասաց. «Անձամբ ես չեմ կարծում, որ պարոն Քոչարյանը որեւէ մեկին նման վիրավորանք հնչեցնի»։

Նրա համոզմամբ՝ Անդրանիկ Քոչարյանը ցանկացել է հասկանալ, թե որտեղից են Արփինե Հովհաննիսյանի ֆինանսական միջոցները.

«Մարդն ուզում է հասկանա, թե որտեղից Արփինե Հովհաննիսյանի ունեցած տունը,  ֆինանսական միջոցները։ Որովհետեւ մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք իմանանք՝ էդ ֆիանանսական միջոցները որտեղից է եկել»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություն էր արել Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որը բուռը քննարկման առիթ էր հանդիսացել։