Պարոն Թովմասյանի իրավունքն է ներկա գնտնվել, կամ ներկա չգտնվել խորհրդարանում, եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որեւէ առարկություն այդ առումով լինել չի կարող։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մկունցը, , մեկնաբանելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, որ նպատակահարմար չի համարում ներկա գնտվել խորհրդարանում ՍԴ նախագահի պաշտոնանկության նախաձեռնության ժամանակ։
«Ինչ վերաբերում է նախագծի մասին պարոն Թովմասյանի մեկնաբանություններին, ապա ասեմ, որ երեկվա իր հարցազրույցում նա նշել էր, որ ընթացակարգը իրավական է, եւ նա զերծ կմնա այդ տիրույթում որեւէ հայտարարություն անելուց, եւ հետո չգիտես ինչու դա տեղափոխում է քաղաքական դաշտ։ Այնպես որ, սա իմ արձագանքն է»,– ասաց Մակունցը։
Դիտարկմանը, որ Թովմասյանն իր հայտարարությունում նշել է, որ իշխող քաղաքական ուժը միշտ հանդես է եկել իր հասցեին սուբյեկտիվ հայտարարություններով, եւ որպես քաղաքական պատճառ նշում է, որ վարչապետի կոչով շրջափակվեցին դատարանների դռները, իսկ Վահե Գրիգորյանն էլ իրեն հռչակեց ՍԴ նախագահ, Մակունցն ասաց. «Ձեր նշած մեկնաբանությունները, պարոն Թովմասյանի սուբյեկտիվ կարծիքն են»։
Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:











