Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները զգուշացնում են, որ եթե մի քանի րոպեից իրենց չմոտենան Կառավարության անդամներից եւ լսեն իրենց պահանջը, ապա իրենք մուտք են գործելու Կառավարության շենք։ Այս մասին հայատարարեց «Ուժ եւ իրավունք» հկ անդամ Բաբկեն Հարությունյանը։ Նշենք, որ Նորաշենի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով իրենց նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանին վերադարձնել իր պաշտոնին։
«Տեսնում ենք, որ մի քանի ժամ է այստեղ ենք, եւ այդպես էլ մեզ ոչ ոք չի մոտենում այն պարագայում, երբ մենք սպասեցինք, ասեցինք Կառավարության նիստը ավարտվի։ Այստեղ մի քանի տասնյակ մարդ իրենց բան ու գործը թողել են 3 օր համայնքապետարանի աշխատանքները դադարեցված են, եկել ենք, որ գտնենք մի որեւէ լուծում։ Կսպասենք եւս մի քանի րոպե։ Դիմում եմ Կառավարությանը, բարեհաճեք մոտենալ մեզ, եւ լսել մեր խնդիր։ Եթե առաջիկա մի քանի րոպեն մեզ չմոտենան, մենք կփորձենք գտնել մեկին՝ հասկանալ, թե ինչպե՞ս ենք մուտք գործում Կառավարություն, վարչապետի ասած՝ մեր դուռը ո՞նց ենք կարողանում բացել, մտնենք մեկի հետ զրուցենք, հասկանանք՝ կա՞ այս շենքում մարդ, ում հետաքրքրում է իրենց քաղաքացիների ճակատագիրը։ Կոչ եմ անում հիմա Կառավարության պարոնայք, տիկնայք եթե երրորդ սեռի ներկայացուցիչ կա ձեզ էլ եմ դիմում, մոտեցեք հասկանանք՝ խնդրին լուծում կա, թե չէ։ Այս պահին Կառավարության որեւէ անդամից չկա արձագանք։ Եթե մտածում են, որ զոռբայությամբ պետք է բերեն հերթական համայնքում իրենց ուզած մարդուն նշանակեն կամ զոռբայությամբ զրկեն համայնքապետին իր իրավունքներից, ապա չարաչար սխալվում են»։
Նա պատմեց 3 օր առաջ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հանդիպումից.
«Մինչեւ մարզպետի իր աշխատասենյակից դուրս գալը, ոստիկանությունը ոստիկանական պատ է կազմում, եւ մարզպետը ոստիկանների թիկունքից շփվում է ժողովրդի հետ։ Տալիս է 2 արձանագրություն, մեկը իր, մյուսը՝ նախարարի, ու վազելով հեռանում է։ Նիկոլ ջան, բա ասում էիր, ժողովուրդ ջան, մենք ձեր իշխանությունն ենք, պահանջեք։ Բա ո՞նց է ստացվում, որ մարզպետը քաղաքացիների հետ շփվում է ոստիկանների թիկունքից։ Մարզպետի աշխատասենյակի դուռը հսկում են ոստիկանները. սա՞ է ձեր մոտեցումը»։
Նույն ՀԿ անդամը խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Արմեն Սարգսյանին ուշադրություն դարձնել Արարատի մարզի խնդիրներին.
«Պարոն Փաշինյան, պարոն Սարգսյան, մարզային կառույցը ղեկավարի մի մարդ, որը ներողություն խնդրելուց կարող է որոշումներ փոխի, խնդրում եմ՝ մի պահ ուշադրություն դարձրեք Արարատի մարզի վրա, մենք էտքան էլ կորած մարզ չենք, որ մեզ սենց բարձիթողի վիճակում եք թողել։ Ինչպե՞ս կարող է պետական կառույց ղեկավարող մարմինը ներողությունով որոշումներ փոխի։ Ցավում եմ երկրիս վիճակը, որ ներողություններով որոշումներ են փոխվել։ Եթե կոկորդիլոս բառի համար Գարիկ Սարգսյանը ուզում է ներողությունների շարան հավաքվի, ապա հրավիրում եմ ամբողջ հայ ազգին, ովքեր որ անվանել են իրեն այդպես, գան մարզպետարան ներողությունները խնդրեն, որ էս տղեն հանգիստ աշխատի ու հանգիստ որոշումներ փոխի»։
Նորաշենի բնակիչ Հրանուշ Գրիգորյանն էլ ասաց, որ չի ընդունում այն հանգամանքը, որ համայնքի ավագանու 4 անդամի շնորհիվ կարող է իրենց ընտրած համայնքապետը ազատվել պաշտոնից.
«Թող արձանագրությունը ներկայացնեն նման դեպքում կհամոզենք, բայց 4 հոգով վճռեն ամբողջ համայնքի բնակիչների անունից, առաջին անգամ եմ նման բան տեսնում։ Կամ պարոն վարչապետը կամ Տարածքային կառավարման նախարարն այդ հարցին թող լուծում տան, որովհետեւ մենք ընտրել ենք մեր համայնքապետին, նա ունի մոտ 1500 ձայն մեր կողմից։ Նա մեծ ուշադրություն է դարձնում համայնքում ապրող բոլոր բնակիչներին։ Անցյալ տարի, տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, համայնքի տարեցներին հավաքեց տարավ մեզ շրջագայության, նույնը թոշակառու ուսուցիչներին համայնքապետարանում շնորհակալագրեր հանձնեց, ծաղիկներ եւ այլն։ Մենք ենք ընտրել մեր համայնքապետին, մենք էլ իրավասու ենք նրան հանենք, թե թողնենք»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորաշենի ավագանու արձանագրության համաձայն դադարեցվել են գյուղապետ Նորայր Գրիգորյանի լիազորությունները: Վերջինիս կողմնակիցները դուրս են եկել բողոքի եւ հայտարարում են, որ այդ որոշումն անօրինական է, որ չկա ավագանու նիստի արձանագրություն, որն իրավազոր կլինի: Ակցիայի մասնակիցները գյուղապետի գլխավորությամբ պահանջում են իրենց ներկայացնել այդ արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարությունը դադարեցրել է գյուղապետի լիազորությունները:
Նորայր Գրիգորյանը հայտարարել է, որ մարզպետի հետ իր հարաբերությունները լարվել են, երբ ինքը ընտրությունների ժամանակ պաշտպանել է այլ թեկնածուի՝ Սերգեյ Ատոմյանին, ով նույնպես պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից:











