Կոնյակի շուկայում ավելի շատ անբարեխիղճ մրցակցությունների մասին է խոսքը գնում, պետք է հստակ հայկական կոնյակը պահպանի այն ստանդարտները, որոնք ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Նշենք, որ ՏՄՊՊՀ–ն ներկայումս ուսումնասիրություններ է իրականացնում նաեւ կոնյակի շուկայում։
Գեւորգյանը նշեց, որ այժմ ստուգումներ են իրականացնելու թե՛ մթերումների, թե՛ խմորումների շրջանում, որպեսզի փաստացի ձեռք բերված խաղողի եւ հայտարարված մթերման ծավալների թվերը համընկնեն։ «Եթե մթերումների կամ խմորման պրոցեսի, այսինքն թորման պրոցեսի արդյունքում մենք բացահայտեցինք, որ անհամապատասխանություն կա, ռիսկային սուբյեկտներում ստուգումներ կիրականացնենք»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը։
Վերջինիս պնդմամբ՝ այս շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ այս պահին չկան։











