Եթե մենք ձեւակերպենք հին ռեժիմի կողմնակիցների լավագույն հնգյակին, ապա, անկասկած, Հրայր Թովմասյանը կլինի նրանց թվում։ Այս մասին հայտարարեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի իրավասություններից զրկելու «Իմ քայլը» իշխող խմբակցության նախաձեռնության քննարկման ժամանակ։

Միրզոյանը խոսեց «անօրինական երեւույթների մասին, որոնք տեղ են գտել Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում», եւ որոնք, նրա կարծիքով, խեղաթյուրել են ազատ շուկան, նպաստել են ընտրությունների կեղծմանը եւ այլն։ Նրա խոսքերով, քաղաքական եւ բարոյական տեսակետից՝ միայն այդքանը լրիվ բավարար կլիներ, որպեսզի թույլ չտրվեր Հրայր Թովմասյանի հետագա նախագահությունը ՍԴ ղեկավարի պաշտոնում։ Ազգային ժողովի խոսնակը վստահ է, որ Թովմասյանը ունի ՍԴ նախագահի պաշտոնում մնալու քաղաքական դրդապատճառներ՝ նախկին ռեժիմի կատարած հանցագործությունները թաքցնելու նպատակով։ Եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն կուղարկվի Սահմանադրական դատարան։ Տվյալ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 80 տոկոսի, այսինքն խորհրդարանականների 3/5-ի ձայները։

Սակայն որոշումը խորհրդատվական բնույթ կկրի։ Վերջնական որոշումը պետք է ընդունի Սահմանադրական դատարանը՝ ձայների 2/3-ով։ Նշենք նաեւ, որ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի իրավասություններից զրկելու քվեարկությունը կկայանա վաղը՝ 11։00-ին եւ կշարունակվի մինչեւ 12։00-ն։