Երբ որեւէ Սահմանադրական դա դատավոր մեկ տարվա ընթացքում 3 անգամ բացակայում է ՍԴ նիստերից, դուք միջնորդություն ներկայացնելու եք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ–ում հարցրեց ԲՀԿ–ական պատգամավոր Շաքե Իսայանը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։
«Ես հիմա իմ ձեռքի տակ ունեմ փաստաթուղթ եւ ընդհանրապես ուզում եմ իմանալ Ձեր տեսակետն ու առաջիկա անելիքները այն դեպքում, երբ որեւէ ՍԴ դատավոր մեկ տարվա ընթացքում 3 անգամ բացակայում է ՍԴ նիստերից, դուք սկսելու եք միջնորդություն: Այս փաստաթղթի հիմքով, որ ես ունեմ ձեռքիս տակ, եւ վստահ եմ, որ Դուք էլ գիտեք դրա մասին, Դուք սկսելո՞ւ եք միջնորդություն, թե՞ ոչ»,- հարցրեց նա։
Սուրեն Գրիգորյանը պատասխանեց. «Էական կարգապահական խախտում է դիտվում ոչ թե առհասարակ բացակայությունները, այլ ոչ հարգելի բացակայությունները, այսինքն՝ այս հանգամանքը որպես ելակետ մենք պետք է ունենանք: Եվ հետո, նախագիծ ներկայացնելու իրավունքը ոչ միայն իշխող խմբակցությանն է տրված, այլ բոլոր խմբակցություններին: Եթե դուք այդպիսի հիմք եք տեսնում եւ ունեք համապատասխան փաստաթղթեր, ես Ձեզ հորդորում եմ գործընթացը սկսել»։











