Այն առումով, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությունը տեղի է ունենում ԱԺ-ում, կարելի է ասել, որ այս գործընթացը քաղաքական է, քանի որ ներգրավված է ԱԺ-ն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Այն առումով, որ քաղաքականացված է եւ կան ճնշումներ, դա բացարձակ սուտ է: Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանի այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հրայր Թովմասյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, որի իրավունքը չունի, ի տարբերություն ԱԺ-ի: Սա եւս մեկ փաստարկ է, որ Հրայր Թովմասյանը անաչառ չէ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությունը: Քվեարկությունից հետո ԱԺ համապատասխան դիմումը կուղարկվի ՍԴ, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնեն ՍԴ անդամները:











