ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը Ստրասբուրգից վաղաժամ վերադարձել է Երևան՝ հաշվի առնելով այն, որ Հրայր Թովմասյանի հետ կապված ԱԺ–ում քննարկվելիք հարցն օրակարգային է։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ արձագանքնելով լրագրողների այն հարցին թե ինչու՞ է կիսատ թողել իր այցը և վերաձարձել Հայաստան։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար հայկական պատվիրակությունը Ստրասբուրգում պետք է լիներ հոկտեմբերի 5-ը ներառյալ։

«Իմանալով, որ Հրայր Թովմասյանի հետ կապված հարցն օրակարգային է և կարևորություն տալով այդ հարցին, որոշել ենք մի օր շուտ գալ»,–հայտարարեց պատգամավորը։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, որ չի պատրաստվում հրաժարվել ՍԴ նախագահի պաշտոնից, Իգիթյանն արձագանքեց.

«Հրայր Թովմասյանը առաջին հերթին խոսում է որպես ՍԴ անդամ, ինքն իրեն համարում է ՍԴ նախագահ,  բայց ինքն իր հայտարարությամբ խոսում է, որպես Հրայր Թովմասյան։ Եթե մենք նայենք նրա ասածների բնույթը, ապա այն կապ չունի ՍԴ անդամ–նախագահ կարգավիճակի հետ , ինքը խոսում է, որպես պաշտոնաթող ՀՀԿ անդամ։ Հրայր Թովմասյանը մտնում է քաղաքական դաշտ, որտեղ ինքը պարտվելու է, նա մի կողմից ասում է, որ ապաքաղաքականացված, անաչառ մարդ է, մյուս կողմից քաղաքական հայտարարություններ է անում և տեղափոխվում մեր դաշտ»։

Դիտարկմանը, թե նրա լիազորությունների կասեցման հարցը քաղաքական գործընթաց չէ , Իգիթյաննն ասաց.

«Ցանկացած բան, որը կատարվում  է ԱԺ–ում կարելի է որակել որպես քաղաքական գործընթաց, սակայն նպատակը իրավական է։ Մենք ասում ենք, որ այն մարդը, որ հանդիսանում է ՍԴ նախագահ, անաչառ չէ իր գործողությունների մեջ»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։