Հոկտեմբերի 4-ին ժամը 17:00-ի մոտ  Արագածոտնի մարզում Կարբի գյուղի մոտ 7 մոլորված ձիեր են նկատվել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կենտավր» կենդանիների օգնությամբ թերապիայի կենտրոնի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը:

«Կարբի գյուղի մոտակայքում են ձիերը նկատվել, նրանցից մեկը սպիտակ է, 7-ը` կարմիր, նրանց հետ հովատակ չկար: Դատելով նրանց վարքից կարելի է ասել, որ վայրի չեն: Իմ կարծիքով` ինչ-որ բանից , գայլից կամ արջից վախեցել են, փախել: Նրանց քշել, տարել ենք Աշտարակ, հիմա նրանք Աշտարակի սննդի անվտանգության տեսչության տարածքում են գտնվում»,-ասաց Հասմիկը:

Նա նշեց, որ Արագածոտնի մարզի բավական թվով գյուղերում հարցուփորձ են արել, սակայն ձիերի տիրոջը չեն գտել, նաեւ ԱԻՆ եւ ոստիկանություն են ահազանգել:

«Գիշերը ոստիկանությունը հսկել է ձիերին, մենք էլ ջուր  ենք տարել, բայց երկար ժամանակ չի կարող այդպես շարունակվել, քանի որ երկուշաբթի այդ տարածքում մարդիիկ աշխատանքի են գալու»,-ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:

Կենտրոնի ղեկավարը հավելեց, որ եթե տերերը չգտնվեն, իրենք ժամանակավորապես իրենց մոտ ձիերին կպահեն: