GIPHY-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ալեքս Չունգը անհամբեր սպասում է Երեւանում հետագա մի քանի օրերին, երբ տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT 2019)։

«Ես կարծում եմ՝ դա հրաշալի կլինի։ Երբեք չեմ եղել Հայաստանում, ես հայ ընկերներ ունեմ։ Ես գիտեմ շատ ծրագրավորողների, ովքեր գալիս են Հայաստանից։ Հայաստանը տեխնոլոգիաների կենտրոն է այս տարածաշրջանում»,- Երեւան ժամանելուց հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չունգը։

Այն հարցին, թե գիտի արդյոք որեւէ բան Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, Չունգը պատասխանեց, որ PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանն իր ընկերն է։

WCIT 2019-ը հոկտեմբերի 6-9-ը կանցկացվի Երեւանում։ Համաժողովը Հայաստանում անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ եւ բարձր հովանու ներքո։ WCIT-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Համաժողովի հիմնական կազմակերպչական մարմինը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։