Մենք Գյումրիում ոչ թե մաքսատուն ենք կառուցում, այլ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով, ՊԵԿ-ի ծրագրով նախատեսվում է, որ այդպիսի երկու կենտրոն պետք է լինի Հայաստանում՝ հյուսիսային եւ հարավային:

«Նախատեսված է, որ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը պետք է գործի 21 հա-ի վրա, այս պահին միայն 6 հա-ն է իրացվում:

Երբ այդ կենտրոնները գործեն, իսկ դա նախատեսվում է 3 տարվա ընթացքում, Երեւանում ընդհանրապես մաքսային ձեւակերպումներ չեն լինելու, Արարատյան մաքսատուն չի լինելու: Այսօր ընդհանուր մաքսային ձեւակերպումների 80 տոկոսը կենտրոնացած է Երեւանում: Պատկերացրեք, որ Երեւանից բեռնաթափվում է ամբողջ բիզնեսը եւ գնում է հյուսիս եւ հարավ»,-հայտարարեց Անանյանը:

Դիտարկմանը, որ մարդիկ մաքսային ձեւակերպումների համար լրացուցիչ ծախս պետք է անեն Գյումրի հասնելու համար, ՊԵԿ նախագահը չհամաձայնեց՝ նշելով, որ Գյումրիի ավտոմաքսատունը 150 կմ է հեռու Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից, 56 կմ՝ Բավրայից. «Այսինքն այդ կենտրոնը երեք ակտիվ մաքսակետերին ավելի մոտ է, քան Երեւանը: Սրա իմաստը Գյումրիում աշխուժություն մտցնելն է: Սա համապարփակ ծրագրի մի մասն է: Այս տարվա նոյեմբերի սկզբին ունենալու ենք ավարտված ավտոմաքսատուն՝ տեխնիկայի վերջին ճիչով»: