Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երեւանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան: Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել մեծ արտիստին: Շնորհավորելով Երվանդ Մանարյանին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն եւ եռանդ:

«Ինձ շատ եք ոգեւորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարեւոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին եւ երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից եւ ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը: