Մեկ ա, էդ ընկերությունը չկա. այնպես չի, որ կա, բայց հարկ չի վճարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տիեզերական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար ՀՀ տարածքում հարկային արտոնություններ նախատեսով օրինագծին:

«Դեռ չկա այդպիսի ընկերություն, որ հիմա հոգ ենք տանում, թե ճի՞շտ է, որ այդ ընկերությանը հարկային արտոնություն տանք, թե ճիշտ չի: Այլ բան է, որ գործող ընկերություն լինի, մենք էլ մտածենք՝ վայ, տարեկան ինքը 500 մլն դրամ հարկ պետք է տար, հիմա չի տա:

Մենք արտոնությունը տալիս ենք, որ դրսից այդ կազմակերպությունները գան, այստեղ գործունեություն ծավալեն: Ես համաձայն եմ, որ դա երաշխիք չի տալիս, որ այդ կազմակերպությունները կգան, բայց սա առնվազն ուղերձ է»,-ասաց վարչապետը:

Իր հերթին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց. «Մենք ունենք ընկերություններ, որոնք մեզնից հնարամիտ են վստահաբար եւ կարող են օգտվել այս արտոնությունից՝ չլինելով տիեզերական գործունեության ոլորտում»:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Էդ ընկերությունների ցուցակը կտաք ինձ, պարոն Ջանջուղազյան, որոնք մեզնից ավելի հնարամիտ են:

Այո, մենք այս արտոնությունը մտցնում ենք դեռ գոյություն չունեցող ընկերությունների համար, բայց հաստատապես կան ընկերություններ, որոնք խոշորացույցով կնայեն, թե ասենք, օրինակ, մակարոնի վաճառքը ոնց կարելի է մտցնել տիրեզերական գործունեության տրամաբանության մեջ եւ օգտվել հարկային արտոնություններից»,-կատակեց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ մակարոնի վաճառքով զբաղվող ընկերությունները նախ պետք է այս ոլորտուլ լիցենզավորվեն, ինչին վարչապետը ծիծաղելով արձագանքեց, «Ձեւերը մի հուշեք»:

Մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ հարկային արտոնությունը լավագույն գործիքը չէ, որը կխթանի, որ շուկան լցվի համապատասխան ընկերություններով, քանի որ սկզբում այդպես բերում ենք ընկերություններին, հետո արտոնությունը հանում ենք. «Ստացվում է, որ ի սկզբանե խաղի կանոնը խախտել ենք: Մեռնք պետք է ձեռնպահ մնանք հարկային արտոնությունը որպես խթան օգտագործելուց: Հիմա եթե այդ ընկերությունները գան, մենք հավերժ իրենցից հարկ չե՞նք վերցնելու»: