Ես կոչ եմ անում չքաղաքականացնել Անժելա Թովմասյանի «Հայելու առջեւ» ծրագրի փակումը, որը մինչ այդ հեռարձակվում էր «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել քաղաքական ենթատեքստ չփնտրել կատարվածի մեջ։ Նրա խոսքով՝ ոչ ճիշտ հասցեատեր է ընտրվել, քանի որ ներկայում ոչ ոք իրենցից կապված չէ «Կենտրոն» հեռուստաալիքի հետ։ «Այո, ես երկար տարիներ գլխավորել եմ նորությունների ծառայությունը, բայց հիմա ոչ մի կապ չունեմ այդ հեռուստաալիքի հետ»,- պարզաբանել է Տոնոյանը՝ ավելացնելով, որ հաղորդումը փակելու մասին նրան հայտնի է դարձել մամուլից։ Նա նշել է, որ, համաձայն հեռուստաալիքի ղեկավարության հայտարարության, այդ որոշումն ընդունվել է եթերացանցը փոխելու, նոր սեզոնի եւ, հետեւաբար, նոր շոուների համար։
Դիտողությանը, թե ցանկացած պարագայում հեռուստաընկերությունը պատկանում է նրանց քաղաքական թիմին, եւ կան տեղեկություններ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին խնդրել են փակել այդ ծրագիրը, Տոնոյանն ասաց, որ «Կենտրոն» հեռուստաալիքը «Multi Group» կոնցեռնի մասն է, եւ հեռուստաալիքի քաղաքական պատկանելությունը բացատրվում է միայն նրանով, որ Գագիկ Ծառուկյանն է կոնցեռնի հիմնադիրը։ «Իսկ «Կենտրոն» հեռուստաալիքը քաղաքական պատկանելություն չունի։ Ինչ վերաբերում է հնարավոր ճնշման մասին հրապարակումներին, ապա խնդրում եմ, որպեսզի այդ հարցը չդիտարկվի այդ հարթությունում»,- ամփոփել է Տոնոյանը։
Հիշեցնենք, որ Անժելա Թովմասյանը «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարն է, որն ավելի վաղ ենթարկվել էր գործող իշխանության կողմնակիցների հարձակմանը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է։











