Ոստիկանությունը ստուգում է անցկացնում Գրոզնու նախկին քաղաքապետ Իսլամ Քադիրովի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից հետո, որում նա դաժան վերաբերմունք է դրսեւորում ձերբակալվածների՝ ենթադրյալ խարդախների նկատմամբ, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությանը: Նշում են, որ Իսլամ Քադիրովը Չեչնիայի ղեկավարի ազգականն է:
Ընդհանուր 8 ժամ տեւողությամբ տեսագրությունները նկարահանել է պաշտոնյայի անձնական մամուլի ծառայությունը եւ փոխանցել հեռուստատեսությանը:
Իսլամ Քադիրովը տեսանյութում կանանց դեմ էլեկտրաշոկեր է օգտագործում, ձերբակալվածներին հաշվեհարդարով եւ կեղծ մեղադրանքներով սպառնում: Հեռուստաալիքը նշում է, որ այս կերպ նա ցանկացել է «խարդախներից անկեղծ խոստովանության հասնել»: Դրանից բացի, հարկերը չմուծողների դեմ արշավի ժամանակ Քադիրովի թիկնազորը կոտրել է մի տղամարդու ձեռքերը, որն արձագանքել է պաշտոնյայի կոպիտ վարմունքին:
Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղար Ալվի Քարիմովը հայտարարել է, որ Իսլամ Քադիրովը «քաղաքապետի պաշտոնում շատ բան է արել»: «Բայց երբ հայտնի է դարձել, որ նույնիսկ որեւէ բարի նպատակի հասնելու համար Իսլամն օգտագործել է անընդունելի մեթոդներ, Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը պաշտոնյային հեռացրել է»,- ասել է նա:
Հեռուստաալիքը տեսանյութը փոխանցել է ոստիկանություն: ՆԳՆ քաղաքային վարչության քրեական հետախուզության պետի տեղակալ Սալամբեկ Մութիեւը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ստուգում են սկսել:
32-ամյա Իսլամ Քադիրովը Գրոզնու քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2015 թվականներին, որից հետո ղեկավարել է Չեչնիայի ղեկավարի աշխատակազմը: ՌԲԿ-ի տեղեկություններով՝ նա Ռամզան Քադիրովի զարմիկն է, «Կավկազ.Ռեալիի» տեղեկություններով՝ զարմիկի զարմիկը:











