Եթե կա պարգեւավճարներ տալու ֆոնդ աշխատավարձի 30 տոկոսի չափով, որից որոշակի սուբյեկտների վճարվում է ամբողջ 100 տոկոս, դա նշանակում է, որ մյուսներին ոչինչ չեն տալիս։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 25-ի ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ով առհասարակ պարգեւավճարներ չի ստացել։ Նա նշեց, որ մի քանի նամակ է ստացել պետծառայողներից, ովքեր ցանկանում են չնշել անունները։ Նրանք հավաստիացրել են, որ իրենք առհասարակ որեւէ պարգեւավճար չեն ստանում, քանի որ նրանց ղեկավարները, ամսվա վերջին, ջնջում են իրենց անունները պարգեւավճարի արժանի մարդկանց ցուցակից։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության նախաձեռնած աշխատավարձերի բարձրացումը նախարարներին, նրանց տեղակալներին եւ նախարարությունների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու ձեւով ոչ միանշանակ արձագանք է առաջացրել հասարակությունում։ Իրավիճակը խորացել է նրանով, որ այդ որոշումն ընդունվել է գաղտնի ռեժիմով։ Առաջին անգամ տեղեկությունն այդ մասին հայտնվել է մամուլում, ինչից հետո վարչապետը եւ կառավարության այլ անդամներ ստիպված են եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը։