Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 գրամից ավելի քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հայտնաբերված զանգվածը տղամարդը բերել է Իրանից։ Արաբկիրի քրեական հետախույզների տեղեկություններով՝ բացի հիշյալ զանգվածից տղամարդը Իրանից այլ թմրամիջոցներ էլ է բերել, որոնք պահում է տանը։

Բերման ենթարկվածի բնակարանի զննությամբ՝ հայտնաբերվեց հաշիշի եւ մարիխուանայի  նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։ Բացի այդ, նրա հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ Արաբկիրի քրեական հետախույզներին ներկայացրեց 60 գրամից ավելի ափոնի նմանվող զանգված։ Նշանակվել  է դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։