Ես կայացրել եմ իմ որոշումը՝ դիվանագիտական կարիերայից անցում կատարել քաղաքականի, ինչը զգալի փոփոխություն է. ես վերցրել եմ պատասխանատվությունը, որը կիսում եմ այն Կառավարության հետ, որի կազմում եմ, եւ դա զգալի փոփոխություն է։ Այս մասին BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով, հեղափոխության արդյունքում կառավարությունը ժողովրդի, հասարակության կողմից ստացել է լայն մանդատ։
«Կառավարությունն արձագանքել է այդ հանրային պահանջներին եւ փոփոխություններ կատարելու համար ստացել ուժեղ մանդատ։ Մենք ի ցուց դրեցինք քաղաքական կամքի շատ ուժեղ կողմը, որի ժամանակ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է շատ արագ կերպով արդյունքների հասնել, որոնք բխում են ժողովրդական պահանջից եւ առնչվում են կոռուպցիային, սոցիալ-տնտեսական կյանքում բոլորի համար հավասար հնարավորություններին, արդար ընտրություններին եւ ներկայումս առկա ամենամեծ մարտահրավերին. դատական բարեփոխումներին: Դրանք տարբեր հարցեր են: Ես պարզապես ներկայացրի կառավարության կողմից հասցեագրվող տարբեր հարցերի կարճ ցուցակը»,-ասաց նա:
Նախարարն ընդգծել է, որ արդյունքի հասնելու համար քաղաքական կամքը բավարար չէ. անհրաժեշտ է, ինստիտուցիոնալ առումով ամրապնդել համակարգը, ինչի արդյունքում հնարավոր կլինի արձագանքել կոռուպցիոն երեւույթներին։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծմանը, Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ պետք է աշխատել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման ուղղությամբ, եւ դա շատ ավելի բարդ է:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպացի պատգամավորներին ասել է՝ «մեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան», սակայն դա ասելուց ընդամենը մի քանի շաբաթ անց Դավիթ Սանասարյանին առաջադրված լուրջ մեղադրանքներ կային, Մնացականյանն ասել է. «Մենք ամիսների ընթացքում կարողացել ենք տեղ հասցնել այն ուժեղ ուղերձը, որ իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու: Այլեւս անարդար պայմաններ տնտեսական եւ սոցիալական ոլորտներում չեն լինելու, չի լինելու այդ երեւույթը: Եվ դա հնարավոր է դարձել քաղաքական կամքի եւ ինստուցիոնալ կարողությունների համադրման արդյունքում»:
Հարցին, թե իրավունքի գերակայությունն առաջնայի՞ն է լինելու նոր կառավարության համար, ԱԳ նախարարը պատասխանել է. «Դա հենց այն է, ինչին մենք ամբողջապես ձգտում ենք: Սա մեր մանդատն է, կառավարության համար այլ կարեւոր առաջնահերթություն չկա, քան իրավունքի գերակայությունը, դատական համակարգի անկախությունը, անկողմնակալությունը եւ վերջինիս նկատմամբ վստահության բավարար մակարդակ ձեւավորելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը»:











