Տարիքով եւ վիրահատություններ տարած ծնողին կանչում են հարցաքննության. ծնողը կարող է ցուցմունք չտալ իր տղայի հետ կապված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը։

«Եկանք հասանք այն փուլին, որ հեքիաթն ավարտվում է, եւ հեքիաթի ավարտին քայլողները ստացան բարձր աշխատավարձ, հեքիաթի ավարտին, կարող ենք ասել, որ «Մարտի 1-ը» նույնիսկ 2 տոկոսով բացահայտված չէ։ 1 ու կես միլիոն գաղթած քաղաքացիների եւ շուրջ 1 միլիոն աղքատ քաղաքացիների վարչապետը կարող է իրեն թույլ տալ նորոգել իր բնակարանը, որն այս պահին իր տիրապետության տակ է, իր օգտագործման ներքո է գտնվում  2 միլիոն դոլարով։ Կարող ենք ասել, որ հեքիաթի ավարտին հանրային միջոցները կարող են օգտագործվել ,օրինակ ,1 թռիչքի համար շուրջ 4 հարյուր հազար դոլար տրամադրի վարչապետը։ Հիմա հանրությունը պետք է հասկանա, որ երբ երեխայի նման ինքն սպասում է, որ տեղի է ունենալու հրաշք, եւ հրաշքի միջոցով արդարությունը վերականգնվելու է, պետք է հասկանա՝ հեքիաթի ավարտին հրաշքը տեղի չունեցավ։ Պետք է լինենք իրատես, քանի որ այս միջոցներով երբեք հեքիաթը չի կարող ունենալ դրական ավարտ, եւ հեքիաթում ընդգրկված այդ բոլոր գործողություն կատարողներն իրականում այն չէին, ինչ որ հայտարարում էին»,- ասաց Փոստանջյանը։

Նա նշեց, որ բռնաճնշումների առումով եւս ոչինչ չի փոխվել Հայաստանում. «Մեր քրեակատարողական հիմնարկում այս իշխանության օրոք մարդ մահացավ հացադուլից, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էլ «Հաց բերողը» մահացավ։ Հայաստանում չի վերացել բռնությամբ ցուցմունք կորզելու մշակույթը։ Տարիքով եւ վիրահատություններ տարած ծնողին կանչում են հարցաքննության։ Ծնողը կարող է ցուցմունք չտալ իր տղայի հետ կապված։ Եթե նախորդները թույլ են տվել ապօրինություններ, ներկաները չպետք է անեն։ Հանցագործները պետք է պատժվեն անգամ ազատազրկման ձեւով, դա պետք է լինի, բայց չպետք է լինի ընտրովի, ապօրինի, համատեքստից դուրս, հրապարակային տեսարաններ ստեղծելով չպիտի լինի սա»։

Փոստանջյանը նկատեց, որ գումարները, որոնք իշխանությունը խոստացել էր վերադարձնել պետբյուջե, չեն վերադարձվել. «Հեքիաթի ավարտին օլիգարխները գումարներ են փոխանցում Աննա Հակոբյանի հիմնադրամին»։