Հետհեղափոխական շրջանում դրական սպասումները ներդրումների մասով շատ մեծ են լինում. հեղափոխությունից հետո տեսանք, որ ամբողջ աշխարհի հայությունը գալիս էր ներդրումներ անելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀԲԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

«Հիմա նախկին  էնտուզիազմը կա՞, թե՞ իջել է, նաեւ գուցե օբյեկտիվ պատճառով։ Երկրորդ, դուք որպես ֆինանսների նախարար, այնպես չի եղել, որ ինչ օրենք ուզեք, չեք կարող բերել ու անցկացնել ԱԺ-ում: Այսինքն հիմա բոլոր հնարավորությունները կան, հեղափոխությունը եղել է, ու մեկ էլ ասում եք՝ պետք է հարմարվենք: Տենց չի լինի: Հայաստանը փոքր երկիր է եւ շատ հեշտ է փոփոխությունների հասնելը: Ներդրումների ցուցանիշները շատ-շատ քիչ է: 7,8 մլրդ դրամը շատ փոքր թիվ է, որ անգամ չէի ուզում հնչեցնել»,-ասաց Մելքումյանը:

Ի պատասխան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախ նշեց, որ չափազանցված է տեղեկությունը, թե ինչ ուզենան, ԱԺ-ում կարող են անցկացնել, ապա շարունակեց. «Ինչ վերաբերում է էնտուզիազմին, ներդրումների մասին խոսելը, մտադրություն հայտնելը եւ կոնկրետ գործողություն անելը իրարից էապես տարբերվող բաներ են։

Ձեր ասածը ավելի շատ վերաբերում էր սկզբնական փուլում խոսելուն: Ներդրում չի ենթադրում աջակցություն, ներդրումը ենթադրում է, որ ներդրողը պետք է ներդված տեղից արդյունք ունենա: Հակառակ դեպքում՝ դա ներդրում չէ, մարդասիրական օգնություն է: Իսկ ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ամբողջությամբ ընկալելու արդյունքում։ Ինչքան էլ տնտեսությունը փոքր լինի, միեւնույն է, պետք է տեղի ունենա կարողությունների զարգացում»:

Ջանջուղազյանը հավելեց, որ իրենց համար մտահոգիչ է, որ ներդրում ասելով պատկերացնում ենք խոշորամասշտաբ մի ծրագրով ներդրումը. «Աշխարհը ինչ-որ փուլից սկսած գնացել է այլ ճանապարհով: Դրա համար մեզ պետք է կապիտալի շուկայի ձեւավորում, որի ուղղությամբ քայլեր ենք անում: Կապիտալի շուկայի ձեւավորման արդյունքում ներդրումներ ներգրավելու հնարավորություններն անհամեմատ ավելի մեծանալու է, միջավայրն է ավելի նպաստավոր դառնալու»,-ընդգծեց նա:

Նշենք, որ մինչ այդ Միքայել Մելքումյանը նշել է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները եթե 2018 թ. հունվար-հունիսին եղել են 38 մլրդ դրամ, ապա 2019-ին հունվար- հունիսին եղել է 7,8 մլրդ. «Այս ցուցանիշները այնքան հեռու են այն ցանկալի կետից, որի հիման վրա բավարար տնտեսական աճ ապահովենք»,-ասել էր Մելքումյանը: