Պետք է ձեւավորենք գրագետ ոստիկանություն, լավ կլինի՝ հասարակությունը առջեւից գնա, մենք հասնենք իրենց։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Ոստիկանության ստորաբաժանումներին հստակ հանձնարարություն է տրվել, որ իրենք ավելի լուրջ ձեւով մոտենան ֆիզիկական պատրաստականության եւ, առհասարակ, ծառայության կազմակերպման աշխատանքներին»,-նշեց նա։

Իսկ, մասնավորապես, այն դեպքով, որի ժամանակ ոստիկան էր սպանվել, նա ասաց, որ ենթադրում է՝ ոստիկանության ծառայողների կողմից հանցագործությունը կատարած անձանց հնարավորությունների թերագնահատման արդյունքում է եղել, ապա շեշտեց․ «Մենք անելիք տեսնում եմ, մեր ոստիկանները պետք է լինեն ավելի լավ պատրաստված»։

Դիտարկմանը, որ ոստիկանները շատ դեպքերում ասում են՝ շառից փորձանքից ի պաշտոնակատարն արձագանքեց․ «Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, բնականաբար, բոլորը, այդ թվում՝ ոստիկանները չեն ցանկանում ընկնել քաշքշուկների մեջ, բայց եթե ոստիկանները ունենան բավարար գիտելիքներ իրենց կողմից օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելու ընթացքում․․․սակայն որոշակի անելիքներ կան ոստիկանության ծառայողների կրթական եւ պրակտիկ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հարցում»։

Նա նշեց, որ համակարգում ոչ պակաս, քան 26 տոկոս ավելացել է ծառայողների պարգևավճարը, իսկ իր պարգևավճարի մասով Սարգսյանը հստակ չպատասխանեց, ասաց, որ վերջնական չի կարող աասել։