Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրման առումով լուրջ քայլեր նոր են կատարվում, որովհետեւ այն համակարգը, որ մենք ունենք, արդյունավետ չէ։ Այս մասին ասյօր՝ հոկտոմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս տնօրենի կողմից ուղղակի հայտարարություն անելը իրական սեփականատիրոջ մասին առանց ստուգելու մեխանիզմների չի կարող արդյունավետ լինել»,-նշեց նա։

Բադասյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո 1-2 դեպք եղել է, երբ իրական սեփականատերերն են բացահայտվել․ «Բացահայտում ասվածը կարող է լինել օպերատիվ տեղեկություն, այդ տեղեկությունը ճշտվի քրեական գործով, բայց իրական սեփականատերերի ինստիտուտը ներդնելիս պետք է նկատի ունենանք, որ այն էական եւ կարեւոր նշանակություն ունի ոչ միայն քրեական գործերի համար, այլ վարչական գործերով, հարկային հարցերով միջազգային փոխօգնության պարտականությունները կատարելիս եւ սա եւս մեկ գործիք է այդ ոլորտը վերահսկելու համար»։

Նա շեշտում է՝ ներդրողները, որոնք ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանում, իրենց հետաքրքիր է՝ ով է սեփականատերը եւ  «այս ինստիտուտի ներդրումը կօգնի այդ ներդրողներին, որ համոզված լինեն՝ ում հետ են գործարք կնքում եւ ում հետ են գործարար հարաբերություններ սկսում»։    

Ի վերջո, նախարարի խոսքով, իրական սեփականատերերի ինստիտուտը բոլոր ընկերությունների համար գործելու է՝ անկախ նրանից, թե որ ոլորտում են աշխատում։