Այն մարդիկ, որոնք քննադատություն են ենթարկում համայնքների խոշորացմանն ուղղված կատարվելիք բարեփոխումը եւ մտահոգություն են հնչեցնում, իրենք կամ տեղեկացված չեն, կամ ուղղակի խեղաթյուրում են իրավիճակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Եթե իրենք ուշադիր են եւ E-draft-ում տեսել են նախագիծը, ապա պետք է քաջատեղյակ լինեն, որ նույն ժամանակամիջոցում ԱԺ-ի կողմից նաեւ շրջանառության մեջ է դրվել մեկ այլ նախագիծ՝ տեղական հանրաքվեների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, եւ խոշորացմանը զուգընթաց այդ համայնքներում հնարավորություն տալու որոշում կայացնել: Եթե այդ համայնքներում կա նախաձեռնող խումբ, որ կարծում է, որ խոշորացումը ոչ արդյունավետ է, ապա հնարավորություն է ստանում ստորագրահավաքի միջոցով տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորություն ստանալ: Իսկ արդեն հանրաքվեում կորոշվի, թե իրենց նախաձեռնությունը ճիշտ էր, թե սխալ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ամենք ինչ արվում է, որ հանրության ձայնը լսելի լինի եւ որեւէ խոշորացման պրոցես չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Դա արվում է մեր համայնքների տնտեսական ներուժն ապահովելու համար»,-ընդգծեց Պապիկյանը:











