Հայաստանում տեղի են ունենում եւ տեղի են ունեցել տասնյակ, հարյուրավոր նմանատիպ իրավական պրոցեսներ. Ես դրան քաղաքական գնահատական չեմ տա, որովհետեւ դա քաղաքական չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի, Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի շուրջ կատարվող իրադարձություններին:
«Դա բացառապես իրավական հարթությունում է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա երեկ Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներով։ Նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:











