Շրջակա միջավայրի նախարարությունը 2 օրից Կառավարությանը կներկայացնի նախարարության կառուցվածքային փոփոխություն, որից հետո նախատեսվում են աշխատակիցների էական կրճատումներ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունում կլինեն կրճատումներ, որ համակարգն ավելի արդյունավետ աշխատի։
Անդրադառնալով նախարարների, մարզպետների աշխատավարձերի գաղտնի բարձրացման վերաբերյալ ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ նախարարություններից աշխատողներն իրեն գաղտնի նամակներ են ուղարկում, բողոքում են, որ այդ պարեւատրումներն արդարացի սկզբունքով չեն բաշխվել, Էրիկ Գրիգորյանն ասաց. «Եթե Մարուքյանը թանկագինների պարգեւատրման մեխանիզմներ գիտի, կարող է ներկայացնել։
Յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար ամեն ամիս ներկայացնում է իր ստորաբաժանման այն աշխատակիցների ցանկը, որոնք իրականացրել են որեւէ աշխատանք, որն առավել էր քան իրենց աշխատանքները։ Այսինքն՝ իրենց ամենօրյա աշխատանքի համար իր աշխատակիցները լրացուցիչ պարգեւատրումներ չեն ստանում, քանի որ պետությունը իրենց վճարում է աշխատավարձ։ Ստորաբաժանման ղեկավարների պարգեւատրումները կրկին այդ սկզբունքով իրականացվում են նախարարության ղեկավար կազմի կողմից, ամեն ամիս ներկայացնում են ցուցակները, հատուկ այն առաջադրանքները, որոնք որ իրականացրել են աշխատակիցները, եւ այդպես էլ իրականացվում է վարձատրությունը»։
Էրիկ Գրիգորյանն ասաց, որ նախարարությունում կան աշխատակիցներ, որոնք չեն պարգեւատրվում, սակայն այդ աշխատակիցները դժգոհ չպետք է լինեն՝ չպարգեւատրվելու համար. «Պարգեւատրվելու եւ չպարգեւատրվելու մեջ մի խնդիր կա, երբ նմանատիպ հաստիքին կցվող 2 աշխատակից, որոնցից մեկն օրուգիշեր աշխատում է ստանում է մոտավորապես նույն վարձատրությունը, եւ կողքի աշխատողը չի աշխատում բավարար ջանասիրությամբ, և ստանում նույն աշխատավարձը, դա նաեւ աշխատակիցների մոտիվացիայի վրա է ազդում»։
Խոսելով աշխատանքի ժամանակագրության եւ արդյունավետության վերաբերյալ, նախարարն ասաց, «Վերջին մեկ ու կես տարվա մեջ սովորաբար տուն եմ վերադառնում գիշերը 23։00-ին կամ 00։00-ին, աշխատում եմ նաեւ շաբաթ օրերը։ Արդյունավետության մասով Կառավարությունը եւ հասարակությունը կարող են տալ գնահատական»։











