Ես չեմ կարծում, որ սա Հրայր Թովմասյանի կամ որեւէ մեկի շուրջ գործընթացներ են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, ըստ որի տվյալներ են ձեռք բերվել` Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու վերաբերյալ:

«Դուք գիտեք եւ գաղտնիք չէ, որ փաստացի այսօր Հրայր Թովմասյանը եւ դատական իշխանության որոշ ներկայացուցիչներ մնացել են վերջին բաստիոնը նախկին իշխանությանը: Նրանք ժամանակին նշանակվել են, որ սպասարկեն այդ իշխանությանը: Հրայր Թովմասյանի նշանակման հետ կապված շատ լուրջ հարցեր, հարցադրումներ կան:

Ինչ վերաբերում է մնացածին, ես զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետեւ փաստացի իրավական գործընթաց է տեղի ունենում եւ չեմ ուզում որեւէ մեկին առիէթ տալ ասելու, թե ճնշում եմ գործադրում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ երեկ մեղադրանք առաջադրվեց նաեւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, եւ արդյոք օղակը գնալով սեղմվո՞ւմ է Հրայր Թովմասյանի շուրջը եւ իշխանությունը դիմելու է ամեն քայլի, մինչեւ հասնի ՍԴ նախագահի հրաժարականին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Մեծագույն ցավով եմ վերաբերվում այդ փաստին, բայց կարող եմ ասել, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ եթե պարզվի, որ եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, եթե եղել է փաստաթղթերի կեղծում, իշխանության զավթում, մենք չգիտեմ, թե ինչ սկզբունքներից ելնելով պետք է առաջնորդվենք: Ինձ համար ամենակարեւոր սկզբունքն օրենքն է: Երբ ինձ հետ կապված խնդիր է եղել թե նախկինում, թե ներկայում, ես ներկայացել եմ Քննչական մարմիններ, բացատրչություն եմ տվել: Դա ինձ էլ է վերաբերում: Եթե վաղը ինձ հետ կապված պաշտոնական դիրքի չարաշահման խնդիր կլինի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»: