Նոր տրանսպորտային ցանցի ֆինանսավորման աղբյուրը կառավարության հետ հստակեցնելուց հետո կսկսի ծրագրի իմպլեմենտացիայի փուլ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Իրականում մահվան գազելների հարցը բազմիցս քննարկվել է, վերջերս մեր այս գծով պատասխանատու առաջին փոխքաղաքապետը ասուլիսով տեղեկացրեց, որ մենք թևակոխել ենք կառավարության հետ ֆինանսավորման աղբյուրների քննարկման փուլ, այսինքն՝ կարելի է ասել, որ ֆինանսական և կառուցվածքային մոդելը պատրաստ է, ֆինանսավորման աղբյուրը կառավարության հետ հստակեցնելուց հետո կսկսվի ծրագրի իմպլեմենտացիայի փուլ, որը կենթադրի նոր տրանսպորտային ցանցի ներդրում»,- նշեց նա։

Սարգսյանն ասաց, որ կան տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործման ժամկետը սպառված է, պետք է թարմացվեն․ «Մենք նշել էինք, որ կան որոշ տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործման ժամկետն է սպառված, և այդ շարժակազմերը պետք է թարմացվեն։ Այս պահին քաղաքապետի կարգադրությամբ մեր թիմն առաջին տեղակալի կուրացիայով ձեռնամուխ է եղել նոր շարժակազմի ներմուծման ու ներգրավման աշխատանքներին։ Հաջորդ տարի նպատակ է դրված մինչև ամբողջական ցանցի ներդրումը գոնե ներմուծվի որոշակի ավտոբուսային պարկ, որ այս խնդիրը կարողանանք լուծել»։

Նա վստահություն հայտնեց, որ մինչև քաղաքային իշխանությունների հաջորդ  ընտրությունները տրանսպորտային ցանցի խնդիրը լուծված կլինի։